ՌԴ-ն կոչ է արել վերսկսել պաղեստինյան պետության ստեղծման շուրջ բանակցությունները

ՌԴ ԱԳՆ-ն կարծում է, որ տարածաշրջանի երկրները պետք է ներկայացված լինեն պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման մեխանիզմում:
Sputnik
Ռուսաստանը կոչ է անում անհապաղ սկսել պաղեստինյան պետության ստեղծման շուրջ բանակցային գործընթացի վերագործարկման նախապատրաստական աշխատանքները: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Արաբական պետությունների լիգայի և Իսլամական համագործակցության կազմակերպության որոշ երկրների արտգործնախարարների հետ հանդիպմանը ։
«Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել` անհրաժեշտ է ոչ թե ուշադրության կենտրոնում պահել ռազմավարական բնույթի հարցերը, այլ արդեն այսօր սկսել պայմաններ ստեղծել դրանք լուծելու համար, նախևառաջ նկատի ունեմ խաղաղության գործընթացի վերագործարկմանը նախապատրաստվելը միջազգայնորեն ճանաչված այն հիմքի վրա, որը հաստատվել էր ՄԱԿ–ի շրջանակում 2002 թվականի արաբական խաղաղ նախաձեռնության շրջանակում, որն առաջ էր քաշել Սաուդյան Արաբիայի թագավորը և որին աջակցել են Արաբական պետությունների լիգայի և Իսլամական համագործակցության կազմակերպության բոլոր անդամները, և որը ենթադրում է անկախ, ամբողջական, ինքնիշխան պաղեստինյան պետության ստեղծում 1967 թվականի սահմաններով և մայրաքաղաքով Արևելյան Երուսաղեմում», – ասել է նախարարը։
Նա ընդգծել է` այն ջանքերի հետ մեկտեղ, որոնք գործադրվում են հակամարտության գոտում սուր մարդասիրական խնդիրների լուծման համար, հավաքական դիվանագիտական մեխանիզմի ձևավորման անհրաժեշտություն կլինի։
«Համոզված ենք, որ այդ մեխանիզմում կարևոր դեր պետք է խաղա տարածաշրջանի երկրները, արաբական պետությունները, իսլամական այլ երկրները», – հավելել է Լավրովը։
Նրա խոսքով` տարածաշրջանի երկրները պետք է ներկայացված լինեն պաղեստինա–իսրայելական հակամարտության կարգավորման մեխանիզմում։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման բանակցությունները եզրափակիչ փուլ են հասել։ Կատարի ԱԳՆ ներկայացուցիչ Մաջիդ ալ–Անսարին ասել էր, որ կողմերը դեռ չեն կարող որևէ մանրամասներ ներկայացնել, քանի դեռ վերջնական պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։