ԼՂ–ից բռնի տեղահանված ավելի քան 1800 ուսանող արդեն սովորում է ՀՀ բուհերում

Առաջիկայում որոշ տվյալներ նույնականացնելուց հետո կմեկնարկի ԼՂ–ից բռնի տեղահանված ուսանողներին կրթաթոշակ տրամադրելու գործընթացը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 1837 ուսանող արդեն իսկ ներգրավված է ՀՀ պետական բուհերի համապատասխան կամ հարակից կրթական ծրագրերում։ Այս մասին հումանիտար կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։

«Ներկայում ուսանողների կողմից ներկայացված, բուհերից ներկայացված ու մեր կողմից ստացված տեղեկությունները նույնականացվում են միասնական սոցիալական ծառայության և ԼՂ–ից ստացված տվյալների հետ։ Դրանից հետո կսկսենք կրթաթոշակների տրամադրման գործընթացը»,– նշեց Հայոցյանը։

Նա նաև նշեց, որ օրերս էլ հաստատվել է ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց մասնագիտական, հանրակրթական և բուհերի ավարտական փաստաթղթերի կրկնօրինակների տրամադրման կարգը։
Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահը շեշտեց, որ այժմ քննարկվում է Լեռնային Ղարաբաղի կառավարության կողմից ուսման վարձի փոխհատուցմամբ ՀՀ բուհերում սովորող ուսանողների ուսման վճարների փոխհատուցման կարգը։
Նշենք, որ Արցախից բռնի տեղահանված ուսանողների ընդհանուր թիվը 4600 է։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։