Խաչատուրովին հոկտեմբերի 15-ից հետո կալանքի տակ պահելն անօրինական է․ պաշտպան

Գրիգորի Խաչատուրովը հանրահավաքին. Արխիվային լուսանկար
Պողոսյանը շեշտում է՝ Վերաքննիչ դատարանը որոշել է՝ Խաչատուրովին հոկտեմբերի 15-ից հետո կալանքի տակ պահելն իրավաչափ չէ, եթե ի հայտ չգան նոր, ծանրակշիռ հանգամանքներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ–մայոր Գրիգորի Խաչատուրովը կա'մ պետք է ազատ արձակվի, կա'մ Հայաստանի Հանրապետությունում դատական համակարգ գոյություն չունի։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Խաչատուրովի պաշտպաններից Միհրան Պողոսյանը։
«Սեպտեմբերի 20-ին ունենք Վերաքննիչ քրեական դատարանի որոշում, որով արձանագրվել է՝ Գրիգորի Խաչատուրովին հոկտեմբերի 15-ից հետո կալանքի տակ պահելն իրավաչափ չէ, եթե ի հայտ չգան նոր, ծանրակշիռ հանգամանքներ։ Ընդ որում, դատարանն արձանագրել է, որ ծանրակշիռ հանգամանքներ չկան, այսինքն՝ հոկտեմբերի 15-ից հետո կալանքի տակ պահելն անօրինական է»,- նշեց Պողոսյանը։
Նա հավելում է՝ իրենք ավելին էլ են արել՝ վճռաբեկ բողոք են ներկայացրել Վերաքննիչ դատարանի որոշման դեմ, որ Խաչատուրովի կալանքը կարող է մինչև հոկտեմբերի 15-ը շարունակվել։ Պաշտպանները վճռաբեկ բողոքում նշել են, որ Խաչատուրովն ընդհանրապես պետք է կալանքի չենթարկվի։ Վճռաբեկ դատարանը մերժել է պաշտպանական կողմի բողոքն ու հաստատել է, որ հոկտեմբերի 15-ից ավելի երկար կալանքի տակ պահելն անօրինական է։
Դրանից հետո պաշտպանական թիմը հոկտեմբերի 4-ին Առաջին ատյանի դատարանում ներկայացրելէ վերադաս ատյանի՝ Վերաքննիչի որոշումն, ու դրանից հետո դատարանը որոշումը ևս երկու ամսով երկարաձգել Խաչատուրովի կալանքը։
Միհրան Պողոսյան
«Դատական համակարգում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք գլխովին կարող են փոխել իրավական համակարգի ճիշտ զարգացման ուղին»,- հավելեց Խաչատուրովի պաշտպաններից Հակոբ Ենոքյանը։
Նրա խոսքով՝ 2023 թվականի մարտի 13-ից հետո մինչև օրս Գրիգորի Խաչատուրովի դեմ որևէ ծանրակշիռ նոր փաստ չի ավելացել, և դրա մասին Վերաքննիչ դատարանը սեպտեմբերի 20-ին արձանագրում է արել, ավելին՝ արձանագրել է նաև դատական սխալ, և դատական ակտն այս մասով բեկանել է։ Դատարանի կայացրած որոշումից 2 ամիս անց էլ Խաչատուրովը կալանքի տակ է։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք պաշտպանները չե՞ն դիտարկում, օրինակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու հարցը, Ենոքյանը նշեց՝ նախ ուզում են սպառել իրենց ձեռքի տակ եղած բոլոր միջոցները, դրանից հետո նոր քննարկել Եվրոպական դատարան դիմելու հարցը։
«Այն տոտալ ապօրինությունը, որ տեղի է ունենում Խաչատուրովի գործով, որոնց մասին մենք բարձրաձայնում ենք, բայց այդ ապօրինությունները հակասում են, այսպես ասած, թղթի վրա հռչակված եվրոպական չափանիշներին։ Մենք բացառում ենք, որ այս պարագայում եվրոպացիները կոնկրետ այս գործով հետաքրքրություն կներկայացնեն, որովհետև սա, այսպես ասած, Աքիլլեսյան գարշապարն է»,- նշեց Միհրան Պողոսյանը։
Նա հավելեց՝ այս դեպքում ապօրինություններն այնքան ակնհայտ են, որ արդեն դատարաններն են արձագանքում, ուղենիշ ցույց տալիս Առաջին ատյանի դատարանին, որ այստեղ խախտումներ կան։
Նա հիշեցրեց՝ ինքն անձամբ մի անգամ Հայաստանի ՄԻՊ-ին դիմել է, որ կալանքի ժամկետն ավարտվել է, բայց Խաչատուրովը շարունակել է կալանքի տակ մնալ, սակայն իր դիմումը որևէ ընթացք չի ունեցել, քանի որ, ըստ պաշտպանի, այն, ինչ կատարվում է, հակասում է պետության հռչակած սկզբունքներին։ Սակայն «կաբինետներում» ցանկանում են, որ Խաչատուրովը մնա կալանքի տակ։ Վստահ է, որ դա արվում է ամենաբարձր մակարդակով։
Հիշեցնենք` փետրվարի 21-ին Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցվեց պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար։ Նա ձերբակալվեց։
Դատախազությունը միջնորդություն ներկայացրեց նրան կալանավորելու համար։ Սակայն Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը մերժեց միջնորդությունը։ Խաչատուրովը նույն օրը դատարանի դահլիճից ազատ արձակվեց։
Փետրվարի 24-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հատուկ վերանայման բողոք ներկայացրեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարան Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց կալանքի միջնորդությունը մերժելու որոշման դեմ:
Մարտի 16-ին Վերաքննիչ դատարանը դատախազության բողոքը քննելուց հետո Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում կայացրեց։