Գյուլագարակում 44-օրյա պատերազմի մասնակիցներին նվիրված միջոցառում է անցկացվել

44-օրյա պատերազմի մասնակիցներին նվիրված միջոցառում
Միջոցառմանը ներկա են եղել նաև պատերազմին մասնակցած տղաներն ու նրանց ծնողները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի միջնակարգ դպրոցում անցկացվել է միջոցառում՝ նվիրված 44-օրյա պատերազմի մասնակից հերոս տղաներին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։
Միջոցառմանը ներկա են եղել նաև պատերազմի մասնակից տղաները, նրանց ծնողները, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, համայնքի ղեկավար Խաչիկ Վարդանյանը, դպրոցի աշակերտները, անձնակազմը, մարզի և համայնքի մի շարք բնակիչներ:
«Կյանքում անհաղթահարելի ոչինչ չկա, պարզապես անհրաժեշտ է ճիշտ միջավայր և աշխատանք: Ինձ համար շատ կարևոր է ձեզ հետ շփվելն ու անձամբ ձեզանից խնդիրները լսելը։ Դրա համար լավագույն միջոցներից են ոչ պաշտոնական միջավայրն ու նման ձևաչափով զրույցները։ Միայն միմյանց լսելով և համատեղ աշխատանքով է հնարավոր հաղթահարել խնդիրները։ Իմ առաջնահերթություններից է պատերազմի մասնակիցների իրավունքների պաշտպանությունը և խթանումը», - ասել է Մանասյանը:
Նշվում է, որ միջոցառման նպատակն էր ևս մեկ անգամ կարևորել պատերազմի մասնակից տղաների ներդրումը հայրենիքի պաշտպանության գործում, ստեղծել հարթակ, որի միջոցով հնարավոր կլիներ վեր հանել նրանց իրավունքներին առնչվող հնարավոր խնդիրները և գտնել համատեղ լուծումներ:
Միջոցառման շրջանակներում տղաները «Արփի» ՀԿ–ի հոգեբանական կենտրոնի աջակցությամբ ներկայացել են համերգային ծրագրով, իսկ դպրոցի աշակերտները հանդես են եկել թեմատիկ բանաստեղծություններով և երգերով:
44-օրյա պատերազմի մասնակիցներին նվիրված միջոցառում
Միջոցառման շրջանակում ներկայացվել են նաև 2020 թվականին անմահացած հերոս Գևորգ Արշակյանի կյանքի մի շարք հիշարժան դրվագներ, նրա անցած ուղին:
Հիշեցնենք, որ Գևորգ Արշակյանը 44-օրյա պատերազմում մասնակցել է Շուշիի պաշտպանական մարտերին, ստանալով հրազենային վիրավորումներ` շարունակել է կռվել այնքան, մինչև կորցրել է գիտակցությունը։
Ատեցի աչքերս, որ անհայ Արցախ տեսան. Դադիվանքի վանահայրը` ծառայության և վանքը լքելու մասին
Անահիտ Մանասյանը միջոցառման վերջում պատերազմի մասնակիցներին հանձնել է հուշանվերներ, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց կողմից պատրաստված կավե սպասք: