Երևանի Նորք–Մարաշ վարչական շրջանի Նորքի այգիների փողոցի տներից մեկում քիմիական թմրանյութերի լաբորատորիա է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ոստիկանները դեպքի առնչությամբ օպերատիվ տեղեկություններ են ստացել, ապա խուզարկություն կատարել այդ տանը։
«Հայտնաբերվել է պլաստիկ երկու տարա, մեկում` 2, մյուսում` 6 փաթեթ մարիխուանայի նմանվող զանգված, մեկ զիպ փաթեթ` 12,5 գրամ նույն զանգվածով, կշեռք` բյուրեղանման ու բուսական զանգվածների հետքերով, 264 գրամ կրիստալ թմրանյութի նմանվող զանգվածով երեք փաթեթ, կանեփի նմանվող 218 բույս, նույն բույսի տերևներով 1 պարկ: Հայտնաբերվել են նաև ուլտրամանուշակագույն լույս արձակող, օդը խոնավացնող ու չորացնող սարքեր, պարարտանյութեր, մարիխուանայի նմանվող չորացրած զանգվածներ, ընդհանուր մոտ 6 կգ 600 գրամ քաշով»,– ասված է հաղորդագրությունում։
Խուզարկվող տարածքի ուսումնասիրությամբ պարզվել է, որ տան բոլոր սենյակներն օգտագործվել են վերը թվարկածը աճեցնելու և մշակելու նպատակով:
Պարզվել է, որ տունը վարձակալել է 37-ամյա մի տղամարդ, իսկ կանեփն աճեցրել, թմրանյութ պատրաստել ու իրացրել է 36-ամյա օտարերկրացու հետ: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:
Հիշեցնենք` լաբորատոր պայմաններում թմրամիջոց պատրաստող խումբ էր բացահայտվել նաև Կոտայքի մարզում։ Ձերբակալվել էր 5 անձ, երկուսը` ՌԴ, երեքը` ՀՀ քաղաքացի։