ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik․ Եվրոպական հեռարձակողների միությունը շահագրգռված է Հայաստանի հանրային հեռուստաընկերության հետ սերտ համագործակցության հարցում։ Այս մասին հայտարարել է Եվրոպական հեռարձակողների միության նախագահ Նոել Կուրանին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։
«ԵՀՄ-ն շահագրգիռ է Հայաստանի հանրային հեռուստաընկերության հետ սերտ համագործակցությամբ և պատրաստ է նպաստել վերջինիս զարգացմանն ու կարողությունների ընդլայնմանը»,–ասել է Նոել Կուրանին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ժամանակակից պայմաններում հեռուստաընկերությունների դերին, ապատեղեկատվության դեմ պայքարին, խոսքի ազատությանը վերաբերող հարցեր:
ՀՀ վարչապետն իր հերթին կարևորել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության և Եվրոպական հեռարձակողների միության միջև սերտ համագործակցությունն ու համատեղ նախագծերի իրականացումը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հանրային հեռուստաընկերության դերը և ընդգծել վերջինիս շարունակական զարգացման, վերազինման, աշխատակիցների մասնագիտական կարողությունների բարձրացմանն ուղղված աշխատանքների անհրաժեշտությունը:
Հիշեցնենք` դեռևս 1996 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան նոյեմբերի 21-ը հռչակել է որպես Հեռուստատեսության համաշխարհային օր։ Կազմակերպությունը պետություններին հորդորում էր տոնել այդ օրն այնպիսի հեռուստատեսային ծրագրերով, որոնք նվիրված էին խաղաղությանը, անվտանգությանը, տնտեսական ու սոցիալական, ինչպես նաև մշակութային խնդիրներին: