ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Հարավային Կովկասում և դրա շուրջ ձևավորված անվտանգային իրավիճակը քննարկել է Կանադայի Սենատի անդամ Լեո Հուսակոսիի հետ։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Միրզոյանն անդրադարձել է տարածաշրջանում կայունության հաստատման, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ներդրվող ջանքերին, առկա մարտահրավերներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի փաստացի էթնիկ զտման հետևանքով բռնի տեղահանված հայերի կարիքների և իրավունքների հասցեագրման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերին»,– ասված է հաղորդագրությունում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի և Կանադայի միջև քաղաքական երկխոսության օրակարգին առնչվող հարցեր:
Միրզոյանը գոհունակությամբ նշել է երկկողմ հարաբերություններում, ինչպես նաև տարածաշրջանում Կանադայի ներգրավվածության ավելացմանն ուղղված դրական զարգացումները՝ այս համատեքստում ընդգծելով Երևանում Կանադայի ռեզիդենտ դեսպանության բացումն ու Կանադայի մասնակցությունը ԵՄ մշտադիտարկման առաքելությանը:
Երկուստեք ընդգծվել է երկկողմ փոխգործակցության հետագա ընդլայնման ուղղությամբ շարունակական ջանքերի գործադրման կարևորությունը: