Արագածոտնի մարզում մերկասառույցի պատճառով առաջացած խցանումը վերացել է

Ավտոմեքենաների մեծ մասը ամառային անվադողերով են եղել, որն էլ խցանման պատճառ է դարձել։
Sputnik
Արագածոտնի մարզից դեպի Լոռու մարզ տանող ճանապարհի խցանումը, որն առաջացել էր մերկասառույցի պատճառով, վերացել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ ԶԼՄ–ները հայտնել էին, որ Նիգավան բնակավայրից մինչև Վանաձոր ճանապարհահատվածին մերկասառույց է, ինչի պատճառով էլ երթևեկությունը Նիգավանից մինչև Սպիտակի ոլորաններ կաթվածահար է եղել: Մոտ 600-ից ավելի ավտոմեքենաներ, այդ թվում՝ բեռնատարներ, խցանման մեջ էին։
«Հրապարակված լուսանկարներից երևում է, որ ճանապարհը մշակված է աղավազային խառնուրդով։ Առաջին ձյունն է։ Վարորդների մեծ մասը ամառային անվադողերով են, և խցանման հիմնական պատճառը դա է եղել։ «Ճապապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցները եղել են տեղամասում, ճանապարհը սպասարկող կազմակերպությունների, պարեկների հետ համատեղ բացել են ճանապարհը»,–հայտնեցին դեպարտամենտից։
Հավելենք, որ ժամը 17։00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Սիսիանում («Զանգեր» կոչվող հատված) տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: