ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Վերին Լարսի անցակետի մոտ հսկայական խցանում է առաջացել վատ եղանակի պատճառով։ Տեղեկությունը հայտնում է iz.ru տելեգրամյան ալիքը։ Ճանապարհը Վրաստանի կողմից արդեն երկրորդ օրն է՝ փակ է։
Ականատեսների խոսքով՝ խցանումը մոտ 6 կմ է ձգվում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանի՝ Հայաստանի և Թուրքիայի հետ սահման տանող ճանապարհներով երթևեկությունը մասամբ սահմանափակված է ձյան և մերկասառույցի պատճառով: Sputnik Արմենիայի հետ զրույցում Ռուսաստանում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը նշել էր, որ Վրաստանից Վերին Լարսի անցակետով Ռուսաստան տանող ճանապարհն այսօր փակ կմնա առատ տեղումների պատճառով: Նա նշել էր, որ ավելի քան 850 հայկական բեռնատար թե՛ ՌԴ–ի, թե՛ Վրաստանի ուղղությամբ այս պահին Վերին Լարսի անցակետում սպասում է ճանապարհի բացմանը։
Եթե ձնահոսքի վտանգ չլինի, ձնամաքրման աշխատանքները առավոտյան կվերսկսվեն արգելափակված ճանապարհի 2 կողմից միաժամանակ: