ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ-ն Ուկրաինային 100 մլն դոլարի ռազմական օգնության նոր տրանշ կտրամադրի: Տեղեկությունը հայտել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը Կիև կատարած այցի ժամանակ:
«Այսօր հայտարարել եմ Պենտագոնի ռազմական ունեցվածքից 100 մլն դոլարի հերթական փոխանցման մասին», - ասել է նա լրագրողներին Ուկրաինայի իշխանության հետ բանակցություններից հետո։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Օգնության նոր փաթեթը, ըստ Օսթինի, կներառի հրետանու և հակաօդային պաշտպանության համակարգերի զինամթերք, ինչպես նաև հակատանկային միջոցներ:
Սպիտակ տունն ավելի վաղ Կոնգրեսից 105 մլրդ դոլար էր խնդրել Իսրայելին ու Ուկրաինային աջակցելու և այլ կարիքների համար: Հանրապետականների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատը հրաժարվել է համատեղ քննարկել այդ հարցումը՝ առաջարկելով բաժանել Ուկրաինային տրամադրվող օգնությունը, որ դրա վերաբերյալ առանձին քննարկում անցկացվի:
Ռուսաստանն ավելի վաղ նոտա էր հղել ՆԱՏՕ-ի երկրներին՝ Ուկրաինային զենք մատակարարելու համար։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ցանկացած բեռ, որը սպառազինություն է պարունակում Ուկրաինայի համար, կդառնա օրինական թիրախ Ռուսաստանի համար: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենք մատակարարելը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը և բացասական ազդեցություն կունենա: