Փաշինյանը և ՄԲ նախարարը խոսել են ԼՂ տեղահանվածներին աջակցություն տրամադրելու մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիին
ՀՀ վարչապետի ու ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարի հետ հանդիպմանը անդրադարձ է կատարվել Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցերի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիին, որի հետ կարևորել է ԼՂ տեղահանվածներին հումանիտար աջակցություն տրամադրելու հարցը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«Քննարկվել են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին, ինչպես նաև դրանց հաղթահարման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերը: Այս առումով կարևորվել է միջազգային հանրության կողմից հումանիտար աջակցությունը ԼՂ բնակչությանը»,– ասված է հաղորդագրությունում։
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցերի: Շեշտվել է 2023 թվականի մայիսի 14-ի և հուլիսի 15-ի` Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումների արդյունքներով համաձայնեցված սկզբունքների հիման վրա խաղաղության գործընթացը շարունակելու կարևորությունը: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խաղաղության և կայունության, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիին
ՀՀ վարչապետը նաև նշել է, որ Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերություններն ունեն ակտիվ բնույթ։ Նա կարևորել է նաև օրերս տեղի ունեցած ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության առաջին նիստը:
ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարը շեշտել է Հայաստանի հետ փոխգործակցությունը խորացնելու իրենց շահագրգռվածությունը: