ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Իսրայելը համաձայնել է, որ Եգիպտոսով օրական 70 հազար լիտր վառելիք մտնի Գազայի հատված։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման վարչության զեկույցում։
«Նոյեմբերի 19-ին Եգիպտոսից Գազա է մտել 69 հազար լիտր վառելիք։ Իսրայելի իշխանությունները հաստատել են, որ կսկսեն թույլատրել Եգիպտոսից օրական մոտ 70 հազար լիտր վառելիքի ներկրումը, ինչը զգալիորեն ցածր է հիմնական մարդասիրական գործողությունների իրականացման համար անհրաժեշտ նվազագույն պահանջներից»,-ասվում է փաստաթղթում։
Հստակեցվում է, որ պաղեստինցի փախստականների օգնությամբ զբաղվող գործակալությունը նախատեսում է վառելիքը բաշխել հիվանդանոցներում, ջրամատակարարման և սանիտարական օբյեկտներում, ապաստարաններում և այլ ծառայություններում պարենի բաշխման ու գեներատորների աշխատանքը պահպանելու համար:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։