Հայաստանով անցնող ցանկացած ճանապարհ կամ երկաթգիծ պետք է վերահսկի Հայաստանը. Կլաար

ԵՄ հատուկ ներկայացուցիչը վստահեցրել է` իրենք համամիտ են երկրները միավորող ճանապարհային և երկաթուղային կապերի վերաբերյալ Փաշինյանի տեսլականը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի տարածքով անցնող ցանկացած ճանապարհ և ցանկացած երկաթգիծ պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։ Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է Հարավային Կովակսի և Վաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը` անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և տարածաշրջանային հաղորդակցության ապաշրջափակման հարցին։
«Ակնհայտորեն, մեր տեսանկյունից միանգամայն տրամաբանական է, որ ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որն անցնում է Հայաստանի տարածքով, վերահսկվում է Հայաստանի կողմից։ Նկատի ունեմ, որ ցանկացած ճանապարհ կամ երկաթգիծ, որն անցնում է Ադրբեջանի տարածքով կամ անցնում է, չգիտեմ, Գերմանիայի տարածքով, վերահսկվում է տվյալ երկրի կողմից։ Հետևաբար, դա բացարձակապես միակ տրամաբանական պայմանավորվածությունն է։ Օրինակ, այս դեպքում Ադրբեջանը ցանկանում է երաշխիք ունենալ, որ Հայաստանի տարածքով անցնող Ադրբեջանի քաղաքացիները և բեռներն ապահով կլինեն: Դա միանգամայն տրամաբանական է և նորմալ։ Բայց թե դա ինչպես կարվի, Հայաստանի իշխանությունների պատասխանատվությունն է»,– ասել է Կլաարը։
Նա ընդգծել է, որ իրենք համամիտ են երկրները միավորող ճանապարհային և երկաթուղային կապերի վերաբերյալ`ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսլականի հետ։
ԵՄ հատուկ ներկայացուցիչը շեշտել է` իրենք կիսում են նաև Հարավային Կովկասի տեսլականը, որտեղ երկաթուղային և ճանապարհային կապերը բաց են, և երկրները վերամիավորվում են այնպես, ինչպես եղել են Խորհրդային միության ժամանակաշրջանի վերջում և նույնիսկ ավելին։
Անկարան ու Բաքուն ճնշում են, Երևանը չի հանձնվում. ո՞վ է հորինել «Զանգեզուրի միջանցքը»
Կլաարը նշել է, որ ճանապարհային և երկաթուղային կապերը դեպի Թուրքիա և, բնականաբար, Իրան (միշտ բաց է) նույնպես պետք է բաց լինեն։ Նա ասել է, որ իրենց պատկերացմամբ` խաղաղ Հարավային Կովկասը պետք է լինի այնպես, որ տրանսպորտային կապերը բաց լինեն, առևտուր իրականացվի, մարդիկ էլ ճանապարհորդեն տարբեր սահմաններով։
Հիշեցնենք` Ադրբեջանի իշխանությունները պարբերաբար խոսում են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին, որը, նրանց կարծիքով, պետք է Ադրբեջանի հիմնական մասը Հայաստանի տարածքով կապի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ և արտատարածքային երթուղի դառնա։ Պաշտոնական Երևանն էլ հայտարարում է, որ ճանապարհները պետք է գտնվեն այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով անցնում են։