Երևանն ու Բրյուսելը ԵՄ առաքելության կարգավիճակի վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել

Հայաստանի և ԵՄ–ի դրոշներ
Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ փոխարտգործնախարարն ու Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Երևանն ու Բրյուսելը Եվրոպական միության առաքելության կարգավիճակի վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել։ Տեղեկությունը հայտնում է «Արմենպրես» գործակալությունը։
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում համաձայնագիրը ստորագրել են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:
«Կարգավիճակի մասին համաձայնագիրն օգնելու է ավելի իրավական որոշակիություն մտցնել, երբ խոսքը վերաբերում է երկրում առաքելության ներկայության տարբեր իրավունքների, պարտավորությունների կարգավորմանը»,-ասել է ԵՄ դեսպանը:
Ինչ վերաբերում է առաքելության ընդլայնմանը, ապա այդ հարցը որոշվել է մի քանի օր առաջ Բրյուսելում: Եվրամիության արտգործնախարարները հավանություն են տվել Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությունն ընդլայնելու առաջարկին։
«Մենք պատրաստ ենք առաջ շարժվել և ավելի ամրապնդել առաքելության ներկայությունը երկրում՝ նպաստելու կայունությանը և դիտորդություն իրականացնելուն սահմանի հայկական կողմում և տեսնելու, թե ինչ է իրականացվում»,- նշել է Մարագոսը:
Ըստ դեսպանի՝ բովանդակությունը նույնն է մնալու, և դիտորդները շարունակելու են դիտորդություն իրականացնել:
Պարույր Հովհաննիսյանն էլ հստակեցրել է՝ այս պահին մանդատի փոփոխության մասին դեռևս վաղ է խոսել, խոսքը քանակի ավելացման, կարողությունների ուժեղացման մասին է: «Երրորդ կողմերից Կանադան է միացել առաքելությանը, կա հետաքրքրություն այլ երկրներից ևս»,- ասել է փոխնախարարը:
Հովհաննիսյանի խոսքով՝ ԵՄ առաքելության կարգավիճակի վերաբերյալ համաձայնագիրը պետք է նպաստի դրա գործունեության ավելի արդյունավետ իրականացմանը: «Խոսքը դիտորդների համար դյուրին պայմաններ ստեղծելու մասին է՝ սկսած առողջապահությունից մինչև տեխնիկական խնդիրներ: Դա նման է այն լիազորություններին, որոնք ունեն դիվանագետները յուրաքանչյուր երկրում»,- հստակեցրել է փոխնախարարը:
Հիշեցնենք` փետրվարի 20-ին Հայաստանում տեղակայվեց 100 հոգուց բաղկացած եվրոպական նոր առաքելություն՝ երկու տարվա մանդատով: Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղերում վստահության ամրապնդմանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին նպաստող պայմանների ապահովմանը:
ԵՄ առաքելության դիտորդներն ամեն օր 3800 կմ-ի վրա պարեկություն են իրականացնում
Առաքելությունը գործող գրասենյակներ ունի Ջերմուկում, Գորիսում, Կապանում, Մարտունիում, Իջևանում և Եղեգնաձորում, ինչպես նաև կապի և աջակցության գրասենյակ` Երևանում: