ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik․ Ադրբեջանում ավարտվել է ադրբեջանական գերության մեջ հայտնված պահեստազորային Գագիկ Ոսկանյանի դեմ հարուցված գործի նախաքննությունը, նյութերն ուղարկվել են Գյանջայի (Գանձակ) ծանր հանցագործությունների դատարան։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։
Ադրբեջանում Ոսկանյանին ահաբեկչության, զենքի մաքսանենգության, սահմանն ապօրինի հատելու և այլ մեղադրանքներ են ներկայացվել։
Ադրբեջանական ԶԼՄ-ները նաև հայտնում են, որ Ոսկանյանի գործով դատական առաջին նիստը նախատեսված է նոյեմբերի 30-ին։
Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանի դատարանի Ոսկանյանի դեմ որպես խափանման միջոց էր կիրառել կալանավորումը։
Հիշեցնենք` ՀՀ ՊՆ–ն օգոստոսի 16-ին հայտնեց, որ պահեստազորային Գ. Ո.-ն, ըստ նախնական տվյալների, ինքնակամ թողել է մարտական դիրքը, նրան հայտնաբերելու նպատակով ընթանում են որոնողական աշխատանքներ։
Ավելի ուշ ադրբեջանական կողմը հայտարարեց, որ ձերբակալել են հայ զինծառայողի։ Հակառակորդը հերթական ապատեղեկատվությունը տարածելու առիթը բաց չթողեց` նշելով, թե իբր դիվերսիոն ներթափանցման փորձ է եղել։
ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացրեց մի տեսանյութ, որում երևում էր՝ ինչպես են Ադրբեջանի ԶՈւ մի խումբ զինծառայողներ մոտենում դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնված պահեստազորային Գ. Ո.-ին, զրուցում նրա հետ, հետո ձերբակալում և մեքենայով տեղափոխում անհայտ ուղղությամբ: