ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Նյու Դելիում կայացել են Հայաստանի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական 10-րդ հերթական խորհրդակցությունները՝ Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և Հնդկաստանի Հանրապետության ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով քարտուղար-տեղակալ Սանջայ Վերմայի գլխավորությամբ:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից։
«ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ ընդգծելով դրա առավելությունները՝ և՛ տնտեսական և՛ տարածաշրջանի երկրների համար խաղաղության երաշխիք հանդիսանալու համատեքստում: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ միջազգային ջանքերին»,-նշված է հաղորդագրության մեջ:
Մնացական Սաֆարյանը գործընկերոջը ներկայացրել է նաև Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների քաղաքականության հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 հազարից ավել հայ փախստականներին Հայաստանում պատշաճ ընդունելու ուղղությամբ ՀՀ կառավարության ձեռնարկած միջոցառումները՝ կարևորելով նաև միջազգային գործընկերների աջակցությունը:
Երկկողմ կրթամշակութային նախանշված ծրագրերի իրականացման և հնարավոր այլ ոլորտներում փոխշահավետ գործակցության շուրջ մտքեր են փոխանակվել նաև Հնդկաստանի Հանրապետության ԱԳ և մշակույթի պետնախարար Մինակշի Լեկհիի հետ: Ընդգծվել է Հարավային Կովկասում հայկական պատմամշակութային ժառանգության պաշտպանության կարևորությունը:
Մնացական Սաֆարյանը Հնդկաստանում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
© Photo : official site of MFA of RA