ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Եվրո-2024-ի ընտրական փուլի նախավերջին տուրում Հայաստան–Ուելս հանդիպումն ավարտվեց 1։1 հաշվով։
Հանդիպման մեկնարկը շատ խոստումնալից էր Հայաստանի հավաքականի համար։ Վեցերորդ րոպեին անկյունայինից հետո Վարազդատ Հարոյանը պայքարեց գնդակի համար, որն ի վերջո հայտնվեց Լուկաս Սելարայանի մոտ։ Հարմարեցնելով իր հարվածը` Սելարայանը դիպուկ և ուժեղ հարվածով գնդակն ուղարկեց դարպասապահից ձախ ներքևի անկյունը։ Արագ գոլը միշտ էլ իր նշանակությունն է ունենում թիմերի գործողությունների վրա, բայց չի կարելի ասել, որ բաց թողած գոլը սառը ցնցուղ էր Ուելսի ֆուտբոլիստների համար։
Հյուրերը փորձեցին հետ բերել կորցրածը, ու մեր դարպասի համար վտանգավոր պահեր եղան։ Մասնավորապես առաջին խաղակեսում հաջողությանը շատ մոտ էր Հարի Ուիլսոնը, բայց գերազանց խաղաց մեր դարպասապահ Օգնեն Չանչարևիչը։ Իսկ ահա առաջին կեսի հիմնական ժամանակին ավելացված երկրորդ րոպեին մեր դարպասապահի համար անակնկալ էր Նաիր Տիկնիզյանի հարվածը։ Մեր պաշտպանը, «երկրորդ հարկում» պայքարի մեջ մտնելով, շեղեց գնդակի ուղղությունն ու դարձավ ինքնագոլի հեղինակ՝ հաշիվը դարձնելով 1։1։
Այս գոլը հոգեբանական որոշակի առավելություն տվեց մրցակցին։ Սակայն անզիջում ու համառ պայքար էր ընթանում, ու շատ դժվար էր հասկանալ, թե ով կարող է հաղթել այս մրցավեճում։ Հարցի լուծումը կարող էր տալ Վահան Բիչախչյանը, սակայն մեր ֆուտբոլիստի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասի հորիզոնական ձողին ու չհայտնվեց մրցակցի դարպասում։ Մեր հավաքականն անկասկած ավելի մոտ էր հաջողությանը, հաղթանակին։ Նման դեպքերում ասում են, որ գոլը հասունանում էր։ Մերոնք զգալի տարածքային առավելություն ունեին, որը վերածվեց խաղային առավելության։ Պակասում էր միայն գոլը։ Անբացատրելի է, թե ինչու էին մեր ֆուտբոլիստների բոլոր հարվածները բարձր ստացվում։ Դիպուկ ստացվեց Էդգար Սևիկյանի հարվածը, բայց այս դեպքում էլ հիանալի խաղաց հյուրերի դարպասապահը։
Հանդիպման վերջին 20 րոպեների ընթացքում Հայաստանի հավաքականի ստեղծած գոլային պահերը կբավարարեին մի քանի հանդիպման համար։ Բայց մերոնք չհաղթեցին ու կորցրին Եվրո-2024-ի եզրափակիչ փուլում հայտնվելու հնարավորությունը։
Որակավորման փուլի վերջին հանդիպումը Հայաստանի հավաքականն անցկացնելու է նոյեմբերի 21-ին։ Մեր ընտրանին մրցակցի հարկի տակ ուժերն է չափելու Խորվաթիայի հավաքականի հետ։