Տեխասում մեկնարկել է «Starship» տիեզերանավի 2-րդ փորձնական թռիչքը

Եթե փորձնական թռիչքը հաջող ընթացք ունենա, տիեզերանավը պտույտ կկատարի Երկրի շուրջը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Տեխասում մեկնարկել է «Starship» տիեզերանավի երկրորդ փորձնական թռիչքը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Տեխասի Բոկա Չիկա հարթակից տիեզերանավն օդ է բարձրացել ԱՄՆ–ի Արևելյան ափի ժամանակով 7.02–ին։ Ընկերության հաշվարկներով` փորձնական թռիչքի հաջող ընթացքի դեպքում տիեզերանավը պետք է պտույտ կատարի Երկրի շուրջը, որից հետո ընկնի Խաղաղ օվկիանոսում` Հավայան կղզիների շրջանում։
«Starship»–ն ամենամեծ և հզոր համակարգն է, որը երբևէ ստեղծվել է տիեզերական արձակումների համար։
«SpaceX»–ի սեփականատեր, գործարար Իլոն Մասկը կարծում է, որ «Starship»–ը ապագայում կարող է կիրառվել դեպի Լուսին և Մարս թռիչքներ իրականացնելու համար։
Տիեզերանավի առաջին փորձարկումն այս տարվա ապրիլին ավարտվեց անհաջողությամբ`արձակումից մի քանի րոպե անց տիեզերանավը սկսեց անկառավարելի պտույտներ կատարել և կործանվեց։ ԱՄՆ–ի քաղավիացիայի դաշնային վարչությունը (FAA) վթարի բազմաթիվ պատճառներ բացահայտեց և Մասկի ընկերության համար ավելի քան 60 շտկող գործողություններ սահմանեց հերթական վթարից խուսափելու համար։