Մարդասիրական օգնություն տեղափոխող 26 բեռնատար է մտել Գազայի հատված

«Ռաֆահ» անցակետ
Ավտոմեքենաների մեծ մասը բեռնված են պարենամթերքով և բժշկական սարքավորումներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Մարդասիրական օգնություն տեղափոխող 26 բեռնատար այսօր «Ռաֆահ» անցակետով մտել է Գազայի հատված։ Տեղեկությունը Х սոցցանցում հայտնում է պաղեստինյան տարածքում Իսրայելի կառավարական գործունեության համակարգողի գրասենյակը։
Նշվում է, որ 12 բեռնատարում պարենամթերք է, 10–ում`բժշկական սարքավորումներ, 3-ում` ջուր, 1-ում` ժամանակավոր տեղակայման համար անհրաժեշտ սարքավորումներ։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։