Վրաստանը տպավորված է պաշտպանության ոլորտում ՀՀ–ում իրականացվող բարեփոխումներով. նախարար

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությանը
Վրաստանի պաշտպանության նախարարը ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ՀՀ պաշտպանական գերատեսչության հետ փոխգործակցությանը, հայտնելով իր գոհունակությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն տպավորված է պաշտպանության ոլորտում Հայաստանում իրականացվող բարեփոխումներով: Այս մասին Բուրչուլաձեն հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում, հայտնում են վարչապետի մամուլի ծառայությունը։
Նշենք, որ այսօր Փաշինյանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությանը։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են անվտանգության և պաշտպանության բնագավառում համագործակցությանն ու փորձի փոխանակմանը, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը վերաբերող հարցեր»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությանը
Փաշինյանը նշել է, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները շարունակում են դինամիկ կերպով զարգանալ։ Նա հավելել է, որ տարբեր ոլորտներում արձանագրվում է համագործակցության ընդլայնում: Նիկոլ Փաշինյանի խոսքով` դա ՀՀ կառավարության համար ունի մեծ կարևորություն և առաջնահերթություն:
Բուրչուլաձեն իր հերթին անդրադարձել է ՀՀ պաշտպանական գերատեսչության հետ փոխգործակցությանը՝ հայտնելով իր գոհունակությունը։
Հիշեցնենք՝ Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի գլխավորած պատվիրակությունը Հայաստան է ժամանել նոյեմբերի 16-ին։ Ավելի վաղ Բուրչուլաձեին ընդունել էր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Քննարկվել էին պաշտպանության ոլորտում հայ-վրացական համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: