«Սա նշան է». Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակը կանխել է տղամարդու ինքնասպանությունը

Հաղթանակի կամուրջ
Նոյեմբերի 16-ի երեկոյան ընկերուհու հետ կինոթատրոնից տուն վերադարձի ճանապարհին Տաթևը նկատել է, որ «Հաղթանակ» կամրջի մոտ տասնայակ մարդիկ են հավաքված և փորձում են կանխել մի տղամարդու ինքնասպանության փորձը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանին նախորդ գիշեր հաջողվել է համոզել մի տղամարդու չցատկել «Հաղթանակ» կամրջից և ինքնասպանություն չգործել։ Դեպքի հետ կապված համացանցում բազմաթիվ տեսանյութեր են տարածվել։
Տաթև Խաչատրյան
Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Տաթևը պատմեց, որ երեկոյան ընկերուհու հետ վերադառնում էին կինոթատրոնից, երբ Հաղթանակի կամրջի վրա իրարանցում է տեսել և մի տղամարդու, որը սպառնում է ցատկել։ Տաթևը չի կարողանում անտարբեր անցնել ու մտածում է, որ ինքը որպես կին կարող է նրան համոզել։ Մի պահ Տաթևին թվում է, որ տղամարդը ցատկեց ու բարձր ձայնով ճչում է։ Հետո լսում է, որ տղամարդը կնոջ հետ է խոսում, հասկանում է, որ մայրն է։

«Խնդրեցի չթռնել, ասացի, որ Աստված չի ընդունում իր արածը։ Հարցրեց, որ հետ գա, կտանե՞մ իրեն եկեղեցի, խոստացա տանել։ Ասացի, որ ես էլ եկեղեցու անուն ունեմ ու դա պատահական չէ, որ եկել եմ իրեն փրկելու, դա նշան է»,–ասաց Տաթևը։

Աղջկան հաջողվել է համոզել տղամարդուն։ Նրանք միասին Սուրբ Սարգիս եկեղեցի են գնացել։ Այնտեղ նրանք որոշ ժամանակ զրուցել են։ Տղամարդը պատմել է, որ երեք երեխա ունի, խնդիրներ կան, բայց չի մանրամասնել, թե ինչու էր փորձում ինքնասպանություն գործել։