Պուտինի և Փաշինյանի հեռախոսազրույց մինչև ՀԱՊԿ գագաթնաժողովը նախատեսված չէ. Կրեմլ

Ավելի վաղ Փաշինյանը տեղեկացրել էր, որ չի կարող մասնակցել ՀԱՊԿ գագաթնաժողովին, որն անցկացվելու է Մինսկում նոյեմբերի 23-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հեռախոսազրույց մինչև ՀԱՊԿ գագաթնաժողովը նախատեսված չէ։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Դեռ ոչ։ Սակայն գագաթնաժողովը դեռ չի կայացել... Որքան գիտեմ, Փաշինյանը Մինսկ չի մեկնելու», – ասել է Պեսկովը։
Հիշեցնենք` նոյեմբերի 14-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ չի կարողանա մասնակցել նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։
Վերջին ամիսներին փորձագետները հայ-ռուսական հարաբերությունների շարունակական վատթարացում են արձանագրում։ Հայաստանը չմասնակցեց ՀԱՊԿ զորավարժություններին, հրաժարվեց այդ կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից, սակայն համատեղ զորավարժություններ անցկացրեց ՆԱՏՕ-ի հետ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և արտգործնախարար Արարատ Միրզոյանը չէին մասնակցել նաև ԱՊՀ գագաթնաժողովին, որը հոկտեմբերին կազմակերպվել էր Բիշքեկում, իսկ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերին չէր մասնակցել ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների մոսկովյան հանդիպմանը։