Փաշինյանը ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ խոսել է Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների մասին

ՀՀ վարչապետն ու ԵԱՊՀ խորհրդարանական վերաժողովի նախագահը հանդիպման ընթացքում անդրադարձել են Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումանի հետ քննարկել է Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

«Շեշտվել է 2023 թվականի մայիսի 14-ի և հուլիսի 15-ի` Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումների արդյունքներով համաձայնեցված սկզբունքների հիման վրա խաղաղության գործընթացը շարունակելու կարևորությունը»,– ասված է հաղորդագրությունում։

Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 000-ից ավելի բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին։ Խոսվել է նաև դրանց հաղթահարմանն ուղղված քայլերի մասին, որոնք իրականացրել է ՀՀ կառավարությունը: Կողմերը կարևորել են միջազգային հանրության օժանդակությունն առկա խնդիրների լուծման գործում:
Նիկոլ Փաշինյանի ու ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումանի հանդիպումը
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խաղաղության և կայունության, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
Փաշինյանն իր խոսքում կարևորել է ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանն առաջին անգամ Երևանում անցկացնելու փաստը և հույս հայտնել, որ նիստի շրջանակում տեղի կունենան արդյունավետ քննարկումներ և ակտիվ երկխոսություն:
Պիա Կաումանն ընդգծել է, որ ԵԱՀԿ ԽՎ նիստը բարձր մակարդակով է կազմակերպվել` հավելելով, որ քննարկվելու են Հարավային Կովկասում և միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացները: