ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. ՄԱԿ-ի Միջազգային դատարանն այսօր կայացած նիստում Ադրբեջանի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին որոշում կայացրեց: Որոշումը հրապարակեց ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի նախագահ Ջոան Դոնոհյուն։
Ըստ այդմ` Ադրբեջանը պարտավոր է ապահովել այն անձանց վերադարձը Լեռնային Ղարաբաղ, որոնք նման ցանկություն կհայտնեն: Դատավորը հայտարարեց, որ նույնիսկ հաշվի առնելով Ադրբեջանի ստանձնած պարտավորությունները, ինչի մասին խոսել է այդ երկրի ներկայացուցիչը հոկտեմբերի 12-ին հայցի քննության ժամանակ, Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու վտանգ կա: Ելնելով դրանից՝ նա կարծում է, որ պետք է ժամանակավոր միջոցներ կիրառվեն։
Դատարանը հիշեցրեց, որ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն՝ հայցը ստանալուց հետո դատարանն իրավունք ունի ձեռնարկել հայցով պահանջվող միջոցները:
«Դատարանը եզրակացնում է, որ Ադրբեջանը պարտավոր է ապահովել նոյեմբերի 19–ից հետո (նկատի ունի ադրբեջանական ագրեսիան. խմբ.)տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ Լեռնային Ղարաբաղ մեկնած անձանց անարգել և անվտանգ վերադարձի իրացումը: Երկրորդ՝ սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղում մնացած և մինչ օրս այնտեղ գտնվող անձինք պետք է հնարավորություն ունենան ցանկության դեպքում մեկնել այնտեղից։ Երրորդ ՝ ապահովել անձանց անարգել և անվտանգ մուտքը կամ ելքը Լեռնային Ղարաբաղ», - ասաց նա։
Դատարանը նաև պարտավորեցրեց Ադրբեջանին պահպանել, չոչնչացնել ԼՂ բնակիչների սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը: Բաքուն պետք է հարգի այդ իրավունքը և ամրագրի իր օրենսդրության մեջ։
Ադրբեջանը պետք է 8 շաբաթվա ընթացքում դատարանին հաշվետվություն ներկայացնի նշված ուղղություններով կատարված աշխատանքների վերաբերյալ:
Հայաստանը որոշման և դրա իրականացման վերաբերյալ իր մեկնաբանությունները հնչեցնելու հնարավորություն կունենա։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։