ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Լոռու մարզում քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու, ղեկավարելու և դրան մասնակցելու առնչությամբ 2 անձ կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Խմբավորումը ստեղծել է Սպիտակ համայնքի բնակիչ, նախկինում ծանր և առանձնապես ծանր հանցանքներ կատարելու համար ազատազրկման դատապարտված ևքրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող՝ քրեական հեղինակություն հանդիսացող Հ․Ս-ն։
«Նա գործել է իր սահմանած և ճանաչած վարքագծի կանոնների համաձայն. այն է` հանրային կամ մասնավոր հարցերին առնչվող վեճերը (խնդիրները) լուծել բռնության, սպառնալիքի, հարկադրանքի կամ անօրինական այլ գործողությունների միջոցով։ Հ․Ս-ն, մասնավոր հարցերին առնչվող վեճերը լուծելու և անօրինական օգուտ ստանալու նպատակով, 3 անձից ստացել է անօրինական օգուտներ, որոնցից մեկից վերցրել է տրանսպորտային միջոց, ինչպես նաև ձեռնամուխ է եղել հանրային կամ մասնավոր հարցերին առնչվող մի շարք վեճերի լուծմանը»,– ասված է հաղորդագրությունում։
Ստեղծված խմբավորմանը մասնակցել է Սպիտակ համայնքի բնակիչ, նախկինում ծանր և առանձնապես ծանր հանցանքներ կատարելու համար ազատազրկման դատապարտված Գ․Ա-ն, որը նույնպես փորձել է մի շարք հարցեր լուծել ապօրինի կերպով։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Հ․Ս-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով , Գ․Ա-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։
Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա Հ․Ս-ի մտերիմ Մ․Դ-ի (Սպիտակ համայնքի բնակիչ) բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է խոշոր չափերով «Տրիհեքսիֆենիդիլ» հոգեմետ նյութ պարունակող 48 հատ հաբ։ Վերջինս ձերբակալվել է։
Հիշյալ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը անջատվել է վերոնշյալ քրեական վարույթից, միացվել է նույն քննչական բաժնում Մ․Դ-ի կողմից կատարված առերևույթ հանցանքների կապակցությամբ քննվող մեկ այլ քրեական վարույթի, որի շրջանակներում Մ․Դ-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով և 396-րդ հոդվածի 2-րդ մասով։ Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Մ․Դ-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին։
Քրեական վարույթներով նախաքննությունը շարունակվում է։