«Գմփաց, բան չէր երևում». պարետը մանրամասներ է հայտնում ԵՊՀ–ի պայթյունի մասին

Տուժածներին երկուսին օգնել են, երրորդին չեն կարողացել դուրս բերել։
Sputnik
Պայթյուն է եղել, որից հետո հրդեհ է բռնկվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ԵՊՀ 1-ին և 2-րդ մասնաշենքերի պարետ Էռնեստ Թովմասովը, որն առաջիններից մեկն է օգնության շտապել տուժածներին։
«Գմփաց, մոտիկացանք, վառվում էր, ծուխ էր, բան չէր երևում։ Երկուսին օգնեցինք, այրվածքներ ունեին, երրորդին չկարողացանք հանել, ներսում մնաց, արդեն խեղդվում էինք»,- ասաց տղամարդը։
Նրա խոսքով՝ ներսում մնացած տղամարդուն արդեն փրկարարներն են բերել դուրս, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։
Թովմասովի խոսքով՝ տղամարդիկ 50-60 տարեկան էին, բոլորը` կանաչապատման ծառայության աշխատակիցներ։
Հիշեցնենք` այսօր ԵՊՀ–ի նկուղային հարկերից մեկում պայթյուն է գրանցվել, կան տուժածներ և զոհ։ Տուժածներից մեկը ոստիկան է։ Նա տեղափոխվել է «Հերացի» համալսարանական հիվանդանոց։