ԱՄՆ-ն և ԵՄ-ն առաջ են տանում Գազայում ՄԱԿ-ի խաղաղապահներ տեղակայելու ծրագիրը. ԶԼՄ

Գազայի հատված. Արխիվային լուսանկար
Նախնական քննարկումներ են ընթանում Գազայի հատվածում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման հարցի շուրջ, թեև Իսրայելը կարող է թերահավատորեն վերաբերվել նման ծրագրին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի — Sputnik. ԱՄՆ-ն և նրա եվրոպացի դաշնակիցները պատերազմի ավարտից հետո Գազայի հատվածում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման ծրագիր են առաջ տանում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով արևմտյան ԶԼՄ-ներին։
ԶԼՄ-ների աղբյուրների տվյալներով` ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաներն ընդունում են Գազայի հատվածում նման գործողության անցկացման հնարավորության վերաբերյալ էական խնդիրների առկայությունը: Նրանք նաև հասկանում են, որ Իսրայելը թերահավատորեն է վերաբերվում այդպիսի ծրագրին։ Սակայն, նրանց խոսքով, նույնիսկ այդ գաղափարի քննարկումը կարող է Իսրայելի ղեկավարությանը դրդել շուտափույթ ավարտել ռազմական արշավը։
Նշվում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ընթացող քննարկումները նախնական բնույթ են կրում: Ամերիկյան և եվրոպական պաշտոնյաների կողմից դիտարկվող տարբերակներից մեկը ենթադրում է զինադադարի պայմանների կատարման վերահսկման մարմնի դերի ընդլայնում. այն ստեղծվել է 1949 թվականին` 1948 թվականի պատերազմից հետո պաղեստինցի արաբների և Իսրայելի միջև զինադադարի համաձայնագրերի իրականացմանը նպաստելու համար։
Որպես նմուշ նախատեսվում է օգտագործել ՄԱԿ-ի համանման կառույցներն ամբողջ աշխարհում, մասնավորապես միջազգային ուժերի տեղակայումը Հաիթիում կամ Սոմալիում:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։