ԱՀԿ-ն Գազայի բժշկական օբյեկտների վրա 152 հարձակում է արձանագրել, 534 մարդ է մահացել

ԱՀԿ ներկայացուցչի խոսքով՝ անկլավի 36 հիվանդանոցներից 25-ն այլևս չեն գործում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում գտնվող բժշկական օբյեկտների վրա 152 հարձակում է գրանցել, որոնց հետևանքով 534 մարդ է մահացել: Տեղեկությունը ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՀԿ ներկայացուցիչ Ռիչարդ Փեպերկորնը։
«Այդ հարձակումների հետևանքով նաև 686 մարդ է վնասվածքներ ստացել։ Մենք ունենք առնվազն 16 զոհ և 38 վիրավոր բուժաշխատողների շրջանում։ Վնասվել է 42 բուժհաստատություն և շտապօգնության 38 մեքենա», - ասել է նա։
Պաշտոնյան հավելել է, որ անկլավի 36 հիվանդանոցներից 25-ն այլևս չեն գործում։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։