Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 200 քառ/կմ տարածք. Ռուբինյանը ելույթ է ունեցել Բիշքեկում

Ռուբեն Ռուբինյան. Արխիվային լուսանկար
ԱԺ փոխնախագահը հայտարարել է, որ Ադրբեջանը սողացող ագրեսիա է իրականացրել Հայաստանի նկատմամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանը ներկայումս օկուպացրել է Հայաստանի շուրջ 200 քառ.կմ տարածք։ Այս մասին ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի 56-րդ լիագումար նիստում հայտարարել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
«Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների ընթացքում իրականացված սողացող ռազմական օկուպացիայի մարտավարության արդյունքում օկուպացվել է Հայաստանի Հանրապետության շուրջ 200 կմ ինքնիշխան տարածք»,-ասել է Ռուբինյանը։
Նրա խոսքով, Հայաստանը շարունակում է աշխատել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի և հարաբերությունների հաստատման ուղղությամբ, սակայն պնդում է, որ այդ համաձայնագրում ճանաչվեն երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ինչպես նաև Երևանի իրավասության սկզբունքները՝ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման դեպքում:
Հայաստանի դիրքորոշումը նույնն է մնում․ խաղաղ հարաբերությունների հաստատում՝ հիմնված երեք համաձայնեցված սկզբունքների վրա։ Առաջին սկզբունքն ասում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են համապատասխանաբար 29,8 հազար և 86,6 հազար քառ/կմ-ի սահմաններում։
Առաջիկայում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու կամքը մնում է անսասան. Փաշինյան
Երկրորդ սկզբունքը՝ սահմանների սահմանազատումն ու սահմանագծումը պետք է իրականացվեն 1991թ.-ի Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան, 1974-1990թթ.-ի խորհրդային քարտեզների հիման վրա: Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և պարտավորվում են հետագայում ևս որևէ պահանջ չառաջադրել:
Երրորդ սկզբունքը վերաբերում է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը՝ այն երկրների ինքնիշխանության, իրավասության և օրենսդրության շրջանակներում, որոնցով դրանք անցնում են: