Tech for Artsakh. շուրջ 300 արցախցի ՏՏ ոլորտում սովորելու հնարավորություն կունենան

«Tech for Artsakh» նախաձեռնության անդամների ասուլիսը
Դասընթացները տևելու են 3-4 ամիս, ծրագրերը շատ են լինելու:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող հայաստանյան կազմակերպությունները «Tech for Artsakh» նախաձեռնության շրջանակում դասընթացներ կանցկացնեն Արցախից տեղահանված մի շարք քաղաքացիների համար: Դասընթացները տևելու են 3-4 ամիս, ծրագրերը շատ են լինելու, յուրաքանչյուրի համար անհատական կրթաթոշակ է սահմանվելու:
«Armenian code academy» ընկերության գործադիր տնօրեն Անահիտ Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ մտահղացումը եղել է դեռ հոկտեմբերի սկզբին, և այդ ժամանակ նախատեսվել էր 50 կրթաթոշակ տրամադրել:
«Ծրագիրը մեկնարկեցինք և մեզ դիմեց շուրջ 300 արցախցի երիտասարդ, որոնք ցանկանում էին կրթական ուղին սկսել տեխնոլոգիական ոլորտում: Մենք հասկացանք, որ 50 կրթաթոշակը քիչ է, դասընթացների ոլորտներն էլ ենք ընդլայնել: Բոլոր ընկերությունները, որոնք միացել են մեզ, առաջարկում են մի շարք մասնագիտություններ` ծրագրավորման լեզուներ, թեստավորում և այլն»,- նշեց նա։
Նախաձեռնությանը միացել է 9 ընկերություն, սակայն մի քանիսի հետ էլ դեռ քննարկումներ են ընթանում:
Սարգսյանն ընդգծեց, որ դասընթացներին մասնակցելու համար դիմողները պետք է թեստ լրացնեն, ինչից հետո էլ ավելի պարզ կդառնա՝ որ մասնագիտությունն ավելի հարմար կլինի:
Դասընթացից հետո կազմակերպությունները փորձելու են ամեն կերպ աջակցել մասնակիցներին, որպեսզի հնարավորինս հեշտ կարողանան աշխատանք գտնել:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։