ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Հավանականություն կա, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի մինչև տարվա վերջ։ Այսօր խորհրդարանում պատասխանելով լրագրողների հարցերին` այս հայտարարությունն արեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Քիչ է այդ հավանականությունը, բայց կա։ Ցանկության դեպքում կարող է մինչև այս տարվա վերջ ստորագրվել»,– ասաց նա։
Լրագրողի ճշտող հարցին, թե ում հովհանու ներքո դա կարվի (Ռուսաստանի՞, թե՞ Արևմուտքի. խմբ.), Սիմոնյանն ասաց, որ նման հարց չի քննարկվել։
Ըստ նրա` միջազգային ինչ հարթակում էլ այդ պայմանագիրը ստորագրվի, պետք է հնարավորինս ռեալ ու պինդ լինի։
«Մենք էլ, Ադրբեջանն էլ պետք է հասկանանք, բոլոր այն տեղերում, որտեղ մենք իրար հետ չպայմանավորվեցինք, հայտնվելու է երրորդ կողմ, անկախ նրանից, թե որ մեկը կլինի, ու ներդնելու է այնտեղ իր շահերը»,– ասաց ԱԺ խոսնակը։
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 3-ին հայտնեց, որ Երևանի և Բաքվի միջև ընթանում է առաջարկների փոխանակման 6-րդ փուլը։
Հաջորդ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։