ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի - Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է Գազայի նավահանգիստը օպերատիվ հսկողության տակ վերցնելու մասին։ Նավահանգիստը վերահսկվում և օգտագործվում էր պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից որպես վարժական բազա: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով բանակի հայտարարությանը։
«Վերջին մի քանի օրվա համատեղ գործողության ընթացքում 188-րդ զրահատանկային բրիգադի և 13-րդ նավատորմի զինծառայողները օպերատիվ վերահսկողություն են հաստատել Գազայի նավահանգստի նկատմամբ, որը վերահսկվում էր… ՀԱՄԱՍ-ի կողմից,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ նավահանգիստն օգտագործվում էր որպես ՀԱՄԱՍ-ի ուսումնական բազա:
Իսրայելի պաշտպանության բանակի տեղեկատվության համաձայն` ոչնչացվել է նաև տասը գրոհային և տասը թունելի անցք։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։