ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի - Sputnik. Գյումրեցի 14-ամյա Նարե Թովմասյանը ընկերների հետ համակարգչային խաղ է ստեղծել՝ նպատակ ունի նպաստել Հայաստանում խաղային ինդուստրիայի զարգացմանը:
Խաղը Սասնա Ծռերի մասին է, սակայն գլխավոր հերոսուհին Ծովինարն է. ամբողջ Սասունի ուժը Ծովինարի թալիսմանի մեջ է: Ըստ սցենարի՝ խալիֆը գողանում է այդ թալիսմանը ու թաքցնում Եգիպտոսի բուրգերում. խաղացողների հիմնական նպատակն այն գտնելն է:
«Բոլորս աղջիկներ ենք, ու դա է հավանաբար պատճառը, որ գլխավոր հերոսի փոխարեն մեզ մոտ հերոսուհի է: Հաջորդ տարվանից խաղը տարածում կգտնի, իսկ մինչ այդ պատրաստ ենք փորձարկել այն ու անհրաժեշտության դեպքում փոփոխություններ անել»,-պատմում է Նարեն՝ փաստելով, որ խաղի հիմնական նպատակներից է նաև աշխարհին հայկական էպոսին ծանոթացնելը:
Խաղը ստեղծվել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և «Կոկա-Կոլա» ընկերության համագործակցությամբ իրականացվող «Խաղային տեխնոլոգիաների էկոհամակարգն ի նպաստ երիտասարդության հզորացման» ծրագրի շրջանակներում։
Այս և 15 այլ թիմային խաղերից մրցութային կարգով կընտրվեն լավագույն աշխատանքները, որոնք կարժանանան համապատասխան դրամական պարգևների։
Նարե Թովմասյան
© Sputnik / Armenuhi Mkhoyan