Բաքուն հրաժարվել է ՀՀ–ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների վաշինգտոնյան հանդիպումից

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը
Ադրբեջանի ԱԳՆ–ի պնդմամբ` ԱՄՆ–ն իր գործողություններով վնասում է տարածաշրջանի երկրների տրանսպորտային անվտանգության ջանքերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Բաքուն հրաժարվել է նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումից: Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները` հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ–ին։
Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը նոյեմբերի 15-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ լսումների ժամանակ հայտարարել էր, որ Վաշինգտոնը դադարեցրել է ռազմական և այլ օգնության տրամադրումը Բաքվին, չեղարկել է մի շարք բարձր մակարդակի այցելություններ և ազդարարել, որ մինչև Երևանի հետ բանակցություններում առաջընթաց չգրանցվի, երկկողմ հարաբերությունների կարգավորում չի լինի:

«Կարևոր է նշել, որ այս պայմաններում մենք հնարավոր չենք համարում Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների մակարդակով հանդիպում անցկացնելը։ ԱՄՆ-ն տարածաշրջանային երկիր չէ, իր գործողություններով և հայտարարություններով վնասում է տարածաշրջանի երկրների տրանսպորտային անվտանգության ջանքերը»,– հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ–ն։

Գերատեսչությունն ընդգծել է նաև, որ Ադրբեջանի դռները փակ են ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների համար, իսկ Օ'Բրայենի մեկնաբանություններն անվանել է «միակողմանի և կողմնակալ», ինչպես նաև «անարդյունավետ, անհիմն և անընդունելի»:
Անդրադառնալով Բաքվի համար ռազմական օգնությունը դադարեցնելու մասին հայտարարությանը՝ ԱԳՆ-ն ընդգծել է, որ ամերիկյան կողմն ինքն է ժամանակավորապես դադարեցրել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ լրացման գործողությունը (ըստ այդ լրացման՝ ԱՄՆ կառավարությանն արգելվում էր օգնություն ցուցաբերել Ադրբեջանի պաշտոնական կառույցներին, դրա գործողությունն ամեն տարի կասեցվում էր 2002 թվականից. խմբ), երբ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո Ադրբեջանը սատարել էր ահաբեկչության դեմ պայքարում Միացյալ Նահանգների ջանքերին:
«Ստացվում է, որ ԱՄՆ-ն միշտ ժամանակավոր է համարել Ադրբեջանի աջակցությունը, սակայն չպետք է մոռանալ, որ պատմությունը կարող է կրկնվել», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ Միացյալ Նահանգները՝ որպես արտատարածաշրջանային երկիր, իր գործողություններով և հայտարարություններով խաթարում է տարածաշրջանի երկրների՝ տրանսպորտային անվտանգության ապահովման ջանքերը: «Հայաստանը չի կատարել 2020 թվականի եռակողմ հայտարարության 9-րդ կետից բխող իր պարտավորությունները, ինչը դրդել է Ադրբեջանին որոշում կայացնել այլընտրանքային ճանապարհների կառուցման վերաբերյալ։ Ադրբեջանի սուվերեն իրավունքն է պայմանավորվել հարևան երկրների հետ, թե ինչպես կառուցել հաղորդակցություններ, ինչը ներառում է նաև Իրանի հետ դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն երթուղու մասին համաձայնագիրը: Այս ֆոնին Ադրբեջանը հաստատում է «3+2» (Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա-Ռուսաստան-Իրան) ձևաչափի գերակայությունը տարածաշրջանում անվտանգության ապահովման համար», - նշել է Ադրբեջանի ԱԳՆ-ն:
Հիշեցնենք` ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը սեպտեմբերին հայտարարեց, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջև երկկողմ հանդիպում չկա օրակարգում։
Հոկտեմբերի 23–ին Թեհրանում «3+3» ձևաչափով (առանց Վրաստանի) հանդիպում կայացավ արտգործնախարարների մակարդակով։ Ձևաչափը նախատեսում էր Ռուսաստանի, Իրանի, Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի մասնակցությունը, սակայն Թբիլիսին հայտարարեց, որ չի մասնակցի նախաձեռնությանը։
ՌԴ–ն պատրաստ է օգնել ադրբեջանա-հայկական սահմանի դելիմիտացիայի հարցում. Լավրով
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Թեհրանում կայացած հանդիպմանը Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև ոչ պաշտոնական շփում է եղել։