ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik․ Այս պահին ՀՀ պաշտպանության կապիտալ ծախսերն իրացվել են մոտ 65 տոկոսով։ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի դիտարկմանը, թե իրականում պաշտպանական ծախսերն ընդամենը 55 տոկոսով են իրացվել։ Մինչդեռ, ըստ Անդրանիկ Քոչարյանի` 2023 թ. ՀՀ պաշտպանության կապիտալ ծախսերն իրացվել են 90 տոկոսով։
«Ճտերը կհաշվենք դեկտեմբերի 24-ին, և վստահեցնում են` հաճելի անակնկալ կսպասվի Գեղամ Մանուկյանին։ Վստահ եմ, որ նա ցանկանում է՝ այդ ծախսերն իրացվեն և նպատակային իրացվեն»,- նշեց Պապիկյանը։
Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարցին՝ ո՞ր փուլում է բանակի համար նոր համազգեստի ստեղծումը, Պապիկյանը նշեց՝ դեռ ընթացքի մեջ է։
Հայտարարված մրցույթին մասնակցել են հայկական մի շարք ընկերություններ, առաջին փուլն անցել են, սակայն երկրորդ փուլում միայն մի զորատեսակի համար են հայտ ներկայացրել։
«Հիմա աշխատում ենք մեր միջազգային գործընկերների հետ, առաջիկա օրերին կստանանք առաջարկներ, դրանք կադապտացնենք հայաստանյան իրականությանը, հայկական սիմվոլիկային, այսինքն՝ խոսքը նաև զինվորական այն համազգեստներին է վերաբերում, որոնք պաշտոնական են, տոնական են, դրա հիման վրա արդեն ձեռքբերման մրցույթ կհայտարարենք»,- ասաց Պապիկյանը։
Շեշտեց՝ սխալ է այս փուլում ասել, որ իրենք ձախողել են նոր համազգեստի հարցում։ Ավելին, վստահ է, որ հաջողելու են։ Նշեց, որ կարող էին նախկին փորձին հետևել և միայն գույնի փոփոխություն անել, սակայն համազգեստը միայն ձև չէ, այլև բովանդակություն, և հիմա հենց այդ ուղղությամբ են աշխատում։ Վստահ է, որ գալիք տարի արդեն կունենանք ձևով և բովանդակությամբ նոր համազգեստ։