Ջո Բայդենը Սի Ծինփինին ասել է, որ երկրների մրցակցությունը չպետք է հանգեցնի հակամարտության

ԱՄՆ-ի ղեկավարն ընդգծել է, որ ՉԺՀ-ի ղեկավարին ընդունելն իր համար հաճույք է և պատիվ։
Sputnik
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ հանդիպմանը հայտարարել է` երկրները պետք է համոզվեն, որ մրցակցությունը չի հանգեցնի հակամարտության: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք պետք է համոզվենք, որ մրցակցությունը չի հանգեցնի հակամարտության, և որ մենք պատասխանատու կերպով ենք կազմակերպում մրցակցությունը», - ասել է Բայդենը:
ԱՄՆ-ի ղեկավարն ընդգծել է, որ ՉԺՀ-ի ղեկավարին ընդունելն իր համար հաճույք է և պատիվ:
Բայդենը հավելել է` միշտ չէ, որ իր և Ծինփինի գնահատականները համընկնում են, բայց իրենց շփումը բաց և ազնիվ է:
Չինաստանի նախագահն էլ խոսել է ԱՄՆ–ի հետ հարաբերությունների կարևորության մասին։
«ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հարաբերությունները, որոնք աշխարհում ամենակարևոր երկկողմ հարաբերություններն են, պետք է դիտարկել արագացող գլոբալ վերափոխումների համատեքստում», - ասել է նա։
Նշենք, որ ԱՄՆ–ի և Չինաստանի առաջնորդների հանդիպումը կայացել է Սան Ֆրանցիսկոյում։
Հիշեցնենք` ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչն ավելի վաղ ասել էր, որ առաջնորդները քննարկելու են երկկողմ հարաբերությունները, հաղորդակցության և մրցակցության հարցերը:
Չինաստանը և ՌԴ–ն խորացնում են քաղաքական վստահությունը. Սի Ծինփինը` Պուտինի հետ հանդիպմանը
Նա նշել էր, որ Բայդենը պատրաստվում է խոսել զինվորականների գծով շփումների վերսկսման չափանիշների մասին:
Պաշտոնյան ընդգծել էր, որ ԱՄՆ-ն չի ձգտում Չինաստանի հետ հակամարտության մեջ ներքաշվել և մտադիր է պատասխանատվությամբ մոտենալ երկու երկրների միջև մրցակցության կառավարմանը: