Իսրայելցի զինվորականները պայթեցրել են Գազայի խորհրդարանի շենքը: Տեղեկությունը հայտնում է «Haaretz»–ը։
Ավելի վաղ «Times of Israel»–ը գրել էր, որ իսրայելցի զինվորականները գրավել են խորհրդարանը և խմբով լուսանկարվել ամբիոնում:
Թերթը նշել էր, որ նախկինում այդ շենքում էին անցկացվում Գազայի խորհրդարանի նիստերը, բայց վերջին տարիներին այն չէր գործում։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։