ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ–ն այլևս երբեք օգտագործված սպառազինություն ձեռք չի բերելու, ամբողջը նոր է լինելու: Այդ մասին այսօր ՀՀ ԱԺ–ում 2024 թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը հայտարարեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Պաշտպանության ոլորտի բյուջեին վերաբերող փակ նիստի ժամանակ խոսվել ենք նաև սպառազինության ծավալների մասին, որը միայն պաշտպանական բնույթի են լինելու: Հիմնական գաղափարը, որ դրված է սպառազինության բովանդակության մեջ, հետևյալն է՝ դրանք բացի պաշտպանական լինելուց, պետք է լինեն նոր»,– ընդգծեց նա։
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, թե դրանք հի՞ն նոր են, թե՞ լրիվ նոր, Քոչարյանը հստակ ասաց, որ դրանք պետք է լինեն նոր։
«Այլևս երբեք ՀՀ-ն պաշտպանական բնույթի օգտագործված սպառազինություն ձեռք չի բերելու, ու Հայաստանն անշեղորեն իրագործելու է այդ խնդիրը»,– ևս մեկ անգամ վերահաստատեց իր խոսքերը Քոչարյանը:
Փակ նիստի ժամանակ, ըստ նրա, խոսվել է նաև ամրաշինական աշխատանքների մասին, որոնք շատ տպավորիչ են եղել:
«Վերջին 26 տարվա մեջ այն ծավալի ամրաշինական աշխատանքները, որ տարբեր հատվածներում արվել են, եղել են այնպիսի ծավալով և այնպիսի որակով, որ եթե մենք ունենայինք ժամանակին, 44-օրյա պատերազմի բաժանարար գիծը լրիվ այլ տարածքով կանցներ»,– հայտարարեց Քոչարյանը:
Ըստ նրա` 2023 թ. ՀՀ պաշտպանության կապիտալ ծախսերն իրացվել են 90 տոկոսով։
Նրան հակադարձեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը` նշելով, որ իրականում պաշտպանական ծախսերն ընդամենը 55 տոկոսով են իրացվել։
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն իր հերթին հետաքրքրվեց` արդյոք 2024 թ. պետական բյուջեով անվտանգությունն այն աստիճանի կհասցվի, որ սահմանամերձ հատվածում կամ մարզում օտարերկրյա ձեռնարկության վրա կրակող հակառակորդ չենք ունենա։
Մինասյանը հարցը վերաբերում էր Երասխում կառուցվող մետալուրգիական ձեռնարկությանը, որի ուղղությամբ հունիսի 13-ից ադրբեջանական կողմը պարբերաբար կրակում էր։ Հրաձգության հետևանքով հաստատությունում աշխատող Հնդկաստանի երկու քաղաքացի էր վիրավորվել։ Սեպտեմբերի 14–ին հայտնի դարձավ, որ Երասխում հայ–ամերիկյան մետալուրգիական գործարանի կառուցման վայրը փաստացի տեղափոխվել է Արարատ քաղաքի հարակից տարածք:
Ի պատասխան Անդրանիկ Քոչարյանը հատարարեց, որ պետք է դասեր քաղել 44–օրյա պատերազմի արդյունքներից։
«Դա նշանակում է`լինել ազնիվ մեր մղումների մեջ, և անվտանգությունը պետք է վերաբերի բոլորիս` ներքին անվտանգությունից մինչև արտաքին։ Դրա համար նվիրումով պետք է իրականացնել նախանշված ծրագրերը։ Իսկ այն, որ հակառակորդը դեռ ունի ցանկություններ և հնարավորություններ` խոսելու ուժի դիրքերից, այո՛, այդ իներցիան դեռ գնում է»,– նշեց Քոչարյանը։
Ըստ նրա` այդ դեպքում ՀՀ կառավարության ներդրած միջոցները միտված են նրան, որ մեր երկրի անվտանգության համակարգը լինի այնպիսին, որ հակառակորդի ցանկությունները չլինեն այնպիսին, ինչպիսին 44–օրյա պատերազմի ընթացքում էր, երբ նրանք ձեռք բերեցին դիրքային առավելություն։