ԵԱՏՄ հետ առևտրաշրջանառությունը 2023 թ. 9 ամսվա ընթացքում աճել է 47.5 տոկոսով. Գրիգորյան

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը. Արխիվային լուսանկար
ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները բազմիցս են նշել, որ միության ներսում առևտրաշրջանառությունը հատկապես այս տարի գերազանցել է սպասելիքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik․ ԵԱՏՄ անդամ պետությունների հետ առևտրաշրջանառությունը 2023 թ. 9 ամսվա ընթացքում աճել է 47.5 տոկոսով՝ կազմելով ավելի քան 5 մլրդ դոլար։ Այս մասին այսօր ՀՀ ԱԺ–ում 2024 թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նա նաև նշեց, որ 2023 թ. «Fitch» և «S&P» ընկերությունների կողմից ՀՀ–ին շնորհված սուվերեն վարկանիշներում կայուն հեռանկարով դրական զարգացումներ են արձանագրվել։
«Սա ապացուցում է, որ կառավարության կողմից իրականացվող ֆիսկալ քաղաքականությունն իր դրական ազդեցությունն է թողնում նաև երկրի արտաքին վարկանիշի վրա։ Վստահ եմ, որ 2023 թ. բյուջեի կատարման արդյունքներն ու 2024 թ. հաստատվելիք բյուջեն կնպաստեն մեր երկրի միջազգային վարկանիշի աճին»,– ասացԳրիգորյանը։
Ըստ նրա` նաև այսպիսով կշարունակվի ամրապնդվել մեր երկրի՝ կայուն ու հուսալի գործընկերոջ հեղինակությունը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3–ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ, օրինակ` Ռուսաստանի Դաշնության հետ մեր երկրի առևտրաշրջանառությունն աճել է մոտ 50 տոկոսով։
Հիշեցնենք նաև, որ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը նշել էր, որ ԵԱՏՄ երկրների միջև առևտրի դինամիկան շատ լավ է ընթանում, որոշ կանխատեսումների համաձայն՝ միության ներսում առևտրի ծավալն ընթացիկ տարում կարող է գերազանցել 100 մլրդ դոլարը։