Զինվորի տան տղաներն աննախադեպ համերգի են պատրաստվում․ նոյեմբերի 26-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում նրանք են լինելու՝ հաղթածները։ Զինվորի տան լրատվական բաժինը տեսանյութ է պատրաստել, որում երևում է, թե ինչպես են հայրենիքի պաշտպանները փորձերի մասնակցում։ Սայլակը, պրոթեզը, տարբեր տեսակի վնասվածքները նրանց համար խոչընդոտ չեն։ Նրանք ապրում են, ստեղծում, պարում ու երգում։
«Եթե պարում ենք, ուրեմն ապրում ենք: Եթե մենք ենք ապրում, ուրեմն բոլորն են պարտավոր ապրել և շենացնել մեր հայրենիքը...»,- այս վստահությամբ են տղաները պատրաստվում «Հայրենիքիս» խորագրով համերգին։
Մի քանի օրից հայրենիքին ուղղված իրենց ասելիքը նրանք կփոխանցեն արվեստի լեզվով, կպատմեն նաև, թե ինչպես կարելի է ապրել նորից։
Տոմսերն արդեն վաճառքում են, հանդիսատեսին հույզերով և ուժով, կյանքով լի երեկո է սպասում։