▪️ Սեպտեմբերի 24-ից առ այսօր Հաաստանում մահացել է Արցախից բռնի տեղահանված 44 անձ, մեծ մասը` վառելիքի պայթյունից տուժածներ։ Եվս 87 մարդ շարունակում է բուժումը տարբեր բուժկենտրոններում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը։ 8-ի վիճակը ծանր է, 2-ինը` ծայրահեղ ծանր: Եվս 19 արցախցիներ բուժում են ստանում արտասահմանում։
▪️ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն նոյեմբերի սկզբին առաջին անգամ տեսակցել է սեպտեմբերի 19-ի հարձակումից հետո Արցախում Ադրբեջանի իշխանությունների կողմից ձերբակալված այն հայերի հետ, որոնց պահման փաստը Ադրբեջանը հաստատել է հոկտեմբերի 20-ից հետո. այս մասին «Արմենպրեսին» հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ղեկավար և խոսնակ Զառա Ամատունին։
▪️ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտնում է, որ դեսպան Քրիստինա Քվինը Եվրոպական միության դիտորդական առաքելության հետ այցելել է Ադրբեջանին սահմանակից Տավուշի մարզ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
▪️ Հայաստանը «յուրացրել է Ղարաբաղյան պատերազմի դասը եւ խելոքացել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ զուգահեռներ անցկացնելով Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի պատերազմի հետ։
▪️ Անդրադառնալով Վրաստանի տարածքով Հայաստան զենքի տարանցման հարցին՝ Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը երկու երկրներին էլ հնարավորություն է տալիս հավասար պայմաններով օգտվել տարանցման իրավունքից։
▪️ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօրվա նիստում հավանություն է տվել «ՄՏՍ Հայաստանի» 100% բաժնեմասի վաճառքին։ Նախապես հայտարարվել էր, որ գնորդը Կիպրոսում գրանցված «Ֆեդիլքո Գրուպ Լիմիրիդ» ընկերությունն է: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը գործարքի կնքման վերաբերյալ առարկություն չեն ներկայացրել։
▪️ 2023 թ. 9 ամսվա ընթացքում ԵԱՏՄ անդամ պետությունների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը աճել է 47.5 տոկոսով՝ գերազանցելով 5 մլրդ դոլարը․ այս մասին այսօր ԱԺ–ում 2024 թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը հայտնել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Sputnik Արմենիա, 106․0FM