Սպասում էինք` Շուշին մերը լինի, մկրտվենք. Մասիսում 150 արցախցի դարձավ իրական քրիստոնյա

Մկրտված արցախցիներն իրենց հետ տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից հետո այս արարողությունը համարում են կարևոր ու խորհրդանշական։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Մասիս քաղաքի 6 եկեղեցիներում այսօր բոլոր օրերից տարբերվող աշխուժություն էր. 7 հոգու քավորությամբ Արցախից շուրջ 150 բռնի տեղահանված դարձավ իսկական քրիստոնյա` մկրտվեց։
Արցախցիների մկրտության արարողությունը Մասիսում
Մկրտության արարողությունն ի սկզբանե նախատեսված է եղել է 140 արցախցի երեխաների համար, սակայն նրանց ծնողները ևս, ովքեր մկրտված չեն եղել,ցանկություն են հայտնել իրենց երեխաների հետ մկրտվելու։ Նախաձեռնության հեղինակները Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանն ու Մասյացոտն թեմի առաջնորդ Գևորգ Եպիսկոպոս Սարոյանն են։
Մասյացոտն թեմի առաջնորդ Գևորգ Եպիսկոպոս Սարոյանը
Համբարձումյանն ասում է` իրենց նպատակն է, որ արցախցիներն ինտեգրվեն համայնքի կյանքին։
«Ուզում եմ` արցախցիներն իմանան, որ իրենց թիկունքին կանգնած ենք։ Ամենակարևոր իրադարձությունն այն է, որ նրանք դարձան քրիստոնյա և մենք մասնակից ենք այդ կարևոր գործին»,–լրագրողների հետ զրույցում նշեց Մասիսի համայնքապետը:
Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյան
Մկրտված արցախցիների համար ևս այս իրադարձությունը շատ խորհրդանշական է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղից Ռադիկ Ղազարյանն ասաց` Աստծո առաջ մեղավորություն է զգում, որ ավելի շուտ չի մկրտվել։ Այսօր մկրտության խորանի մոտ ինքը, կինն ու երկու որդիները դարձան Քրիստոնյա։ Կարծում է, որ մկրտությունից հետո ավելի մոտ կլինեն Աստծուն։
Ռադիկ Ղազարյանը որդու հետ
Ռադիկի մյուս երկու որդիները` ութամյա Նվերն ու տասնամյա Միքայելը, սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական ագրեսիայի զոհն են դարձել։ Եղբայրները հուղարկավորվել են Մասիսում։ Ընտանիքը թեպետ կոտրված է, սակայն չի կորցնում հավատը։
Ռադիկ Ղազարյանի կինը
«Ես Աստծուն հավատում եմ, ուղղակի չի ստացվում հաճախ եկեղեցի այցելել։ Աստված էլ ասում է, որ կարևորը ոչ թե եկեղեցի այցելելը, այլ հավատալն է: Չեմ կարող բառերով բացատրել` հիմա ինչ եմ զգում: Միգուցե էսքան բանը տեսնելուց հետո (հուզվում է, խմբ.)... մեղավոր էի զգում, հիմա ծանր բեռ ուսերիցս ընկավ։ Աստծուց էսքանից հետո խնդրում եմ, որ իր մոտ գտնվող երկու տղերքիս լավ նայի, ինձ էլ ուժ տա, որ էս երկուսին հասցնեմ իրենց նպատակին։ Կարևորը` լինի խաղաղություն ու առողջություն, էլ մնացած ոչ մի բան կարևոր չէ` ո՛չ տուն, ոչի՛նչ»,–ասաց ընտանիքի հայրը։
Ռադիկ Ղազարյանն ու կինը մկրտության արարողության ժամանակ
Սիլվա Զաքարյանը նշում է, որ երազում էր կնունքի արարողությունը Շուշիի Ղազանչեցոց վանքում անցկացնել։
«Սպասում էինք, որ մերը կլինի, ու այնպես ստացվեց, որ ո՛չ Շուշին, ո՛չ Ստեփանակերտը, ո՛չ Արցախը մերը չէ»,–նշեց Սիլվան։
Սիլվա Զաքարյանի հագուստին դաջված է Տերունական աղոթքը
Սիլվայի խոսքով` արցախցիների համար նման դժվար օրերում մկրտությունը շատ կարևոր նշանակություն ունի։ Նրա դուստրը` 11–ամյա Կամիլան, նշում է, որ իրենք թեպետ մկրտված չեն եղել, բայց Արցախում ամենադժվարին օրերին ամենաառաջինը դիմել են Աստծուն ու աղոթել։
Սիլվա Զաքարյանը դստեր` Կամիլայի հետ
«Ու ինձ թվում է` այդ հավատն ու հույսն է օգնել մարդկանց»,–նշում է նա։
Նշենք, որ Մասիսում մկրտության արարողությանը զուգահեռ արցախցիների համար նաև հյուրասիրություն էր կազմակերպվել։ Սեղանները զարդարում էր արցախյան ավանդական ժենգյալով հացը, որը թխել է ստեփանակերտցի Նարինե Ավետիսյանը։
Նարինե Ավետիսյան
«Պատրաստելիս Արցախի համ ու հոտն էի զգում, ամբողջ գիշեր թխել եմ ժենգյալով հացը, չեմ հոգնել, քանի որ գիտեի` ինչ նպատակով եմ անում։ Այդպես էլ ինձ մոտ էի զգում Արցախին` երազելով հետ գնալ Արցախ»,–հավելեց տիկին Նարինեն։
Նշենք, որ մկրտության արարողության մեկնարկը տրվել է Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում։
1 / 8

Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցին

2 / 8

Արցախցիների մկրտության արարողությունը Մասիսում

3 / 8

Արցախցիների մկրտության արարողությունը Մասիսում

4 / 8

Արցախցիների մկրտության արարողությունը Մասիսում

5 / 8

Արցախցիների մկրտության արարողությունը Մասիսում

6 / 8

Արցախցիների մկրտության արարողությունը Մասիսում

7 / 8

Արցախցիների մկրտության արարողությունը Մասիսում

8 / 8

Արցախցիների մկրտության արարողությունը Մասիսում