ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Մոսկվայի դատարանը 15 միլիոն ռուբլով տուգանել է ամերիկյան Google–ին, քանի որ կորպորացիան կրկին հրաժարվել է տեղայնացնել ռուսաստանցիների անձնական տվյալները։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Դատարանը Google-ին մեղավոր է ճանաչել ՌԴ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 13.11-րդ հոդվածի 9-րդ մասով (օպերատորի կողմից Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների անձնական տվյալների գրանցման, համակարգման, կուտակման, պահպանման կամ վերականգնման ապահովման պարտականությունը կրկին չկատարելը)»,– ասվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` Ռոսկոմնադզորը 2021 թվականին պահանջել էր, որ Google-ը ռուսաստանցի օգտատերերի տվյալները մինչև հուլիսի 1-ը տեղափոխի երկրի տարածքում գտնվող սերվերներ, սակայն կորպորացիան այդ պահանջը չէր կատարել։
Նույն թվականի հուլիսին Google-ը տուգանվել էր ռուսաստանցի օգտատերերի տվյալները երկրի տարածքում պահելուց հրաժարվելու համար։ Տուգանքի չափը կազմել էր երեք միլիոն ռուբլի։
2022 թվականի հունիսին կորպորացիան կրկին տուգանվել էր 15 միլիոն ռուբլով՝ մեղավոր ճանաչվելով տեղայնացման մասին օրենքի կրկնակի խախտման համար։