ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik․ Արդեն իսկ աշխատանքային պայմանագիր է կնքել 2384 ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացի։ Այսօր Հումանիտար կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը։
«Նոյեմբերի 14-ի դրությամբ Միասնական սոցիալական ծառայության 49 տարածքային կենտրոններում որպես աշխատանք փնտրող հաշվառվել են 3490 ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիներ, որոնցից 3035-ը ստացել են գործազուրկի կարգավիճակ»,- նշեց փոխնախարարը։
Նրա խոսքով՝ նշված թվից 1336-ն ուղեգրվել են տարբեր գործատուների մոտ, և նրանցից 289-ն արդեն աշխատանք են գտել։ Նախարարի տեղակալը շեշտեց, որ սա անընդհատ շարունակվող գործընթաց է։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։