Գազայի հատվածից տարհանված և Եգիպտոսից ժամանած ռուսաստանցիներին «Դոմոդեդովո» օդանավակայանում դիմավորել են Ռուսաստանի ԱԻՆ-ի աշխատակիցներն ու կամավորները, որպեսզի տաք հագուստ տրամադրեն, հասցնեն բնակության վայր և օգնեն փաստաթղթերի հարցում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Լույս երկուշաբթի գիշերը Գազայի հատվածից տարհանված ՌԴ քաղաքացիների առաջին՝ 70 հոգուց բաղկացած խումբը ժամանել էր Կահիրե, որտեղ տեղակայված է ՌԴ ԱԻՆ օպերատիվ շտաբը: Երկուշաբթի ցերեկը արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել էր, որ Իլ-76-ը՝ 70 ռուսաստանցիներով, Կահիրեից մեկնել է Մոսկվա: Երեկոյան ինքնաթիռը վայրէջք է կատարել «Դոմոդեդովո» օդանավակայանում։
Ռուսաստանի ԱԻՆ-ը Եգիպտոսում շարունակում է աշխատանքը «Ռաֆահ» սահմանային անցակետը հատած անձանց հետ: Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին օգնություն է ցուցաբերվում փաստաթղթերի ձևակերպման, բժշկական և հոգեբանական աջակցության հարցում, նրանց ապահովում են սննդով և ջրով: Անցակետը հատել է 99 մարդ, որոնցից 43-ը՝ երեխա։