ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը կալանավորվել է, նրա մեղադրանքը փոխվել է։ Տեղեկությունը հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի պատասխանատու Գոռ Աբրահամյանը։
Նոյեմբերի 9–ին հայտնել էինք, որ խուլիգանություն կատարելու և անձին թեթև մարմնական վնասվածք հասցնելու համար ձերբակալվել է Տիգրան Խաչատրյանը։
Երևան քաղաքում հայտնաբերվելուց և վարույթն իրականացնող մարմնին ներկայացվելուց հետո, հաշվի առնելով նաև ստացված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, Խաչատրյանին ներկայացվել է նոր մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (Հրազենի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը), 297-րդ հոդվածի 3-րդ մասով (Խուլիգանություն) և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ և 12-րդ (Առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) կետերով։
Նշենք, որ նա արդեն շուրջ 4 ամիս է՝ քրեական հետապնդման էր ենթարկվում։ Տիգրան Խաչատրյանը մեղադրվում է այն բանում, որ հունիսի 19-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, իր «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայով, երկու մտերիմների հետ գնացել էր Գորիսում գործող ավտոտեխսպասարկման կետ՝ մինչ այդ ավտոմեքենայի համար անվադողեր գնելու հարցի շուրջ հեռախոսային խոսակցության ընթացքում ծագած վիճաբանության կապակցությամբ պարզաբանումներ կատարելու նպատակով։
Անվադողերի վաճառքով զբաղվող 46-ամյա անձի հետ պարզաբանումներ կատարելու ընթացքում նա վիճաբանություն է հրահրել ավտոտեխսպասարկման կետի աշխատակիցների հետ, նրանց հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ։
Ապա իր մոտ եղած ապօրինի հրազենով կրակոց է արձակել 46-ամյա տղամարդու ուղղությամբ` պատճառելով մարմնական թեթև վնասվածք և հեռացել դեպքի վայրից՝ լքելով Գորիսի տարածքը:
Խաչատրյանը հայտնաբերվել էր 2023թ․ նոյեմբերի 8-ին՝ Երևան քաղաքում։