Փաշինյանը գերմանական ընկերության հետ քննարկել է Ակադեմիական քաղաքի նախագծման աշխատանքները

Փաշինյանը գերմանական ընկերության հետ քննարկել է Ակադեմիական քաղաքի նախագծման աշխատանքները
Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքներն ըստ համապատասխան ժամանակացույցի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Ակադեմիական քաղաքի նախագծի իրականացումը ՀՀ կառավարության համար ունի ռազմավարական նշանակություն: Այդ մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գերմանական Gerkan, Marg and Partners ճարտարապետական կազմակերպության ներկայացուցիչներ Թոբիաս Քայելի և Յոհան Րաբեի հետ հանդիպմանը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«Անդրադարձ է կատարվել Ակադեմիական քաղաքի տարածքներում իրականացված ուսումնասիրություններին, առաջիկայում նախատեսվող քայլերին, մասնավորապես, Ակադեմիական քաղաքի կառուցման մաստեր պլանի մշակմանը, կլաստերների ֆունկցիոնալության ապահովմանը, ենթակառուցվածքներին և այլ հարցերի»,– նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքներն ըստ համապատասխան ժամանակացույցի:
Ակադեմիական քաղաքը կառուցվելու է Երևանի վարչական տարածքի հյուսիսարևմտյան մասում, որն այժմ ամայի է։ Այստեղ են նախատեսվում տեղափոխել բուհերն ու գիտական ինստիտուտները՝ դրանց հիման վրա ստեղծելով կլաստերներ։ Նախագիծն արդեն արժանացել է մասնագիտական հանրության քննադատությանը։
Հիշեցնենք նաև, որ հոկտեմբերի 26–ի ՀՀ կառավարության նիստին որոշվել է, որ Հայաստանում ակադեմիական ավանի կառուցման գլխավոր հատակագիծը կկազմի գերմանական GMP International Architects and Engineers ընկերությունը: