Լոնդոնում պաշտոնապես բացվել է ՀՀ դեսպանության նոր շենքը. տեսանյութ, լուսանկարներ

ՀՀ ԱԳ նախարարը Լոնդոնում հայտարարել է, որ դեսպանատան բացման արարողությունից անմիջապես հետո պատրաստվում են ՀՀ–ի և Միացյալ Թագավորության միջև ռազմավարական երկխոսության մեկնարկին, երկկողմ հարաբերությունների նոր մակարդակի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Լոնդոնում այսօր պաշտոնապես բացվեց Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության նոր շենքը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության նոր շենքի բացումը
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լոնդոնի կենտրոնական հատվածում` մի շարք դեսպանությունների և պետական գերատեսչությունների հարևանությամբ, Հայաստանի Հանրապետությունը 17 մլն 380 800 ֆունտ ստեռլինգով (ավելի քան 8 մլրդ դրամ ձեռք է բերել դեսպանության նոր շենք։
Նշվում է, որ դեսպանատան բացման արարողությունն այսօր տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի` Միացյալ Թագավորություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում։
Նա իր խոսքում նշել է, որ այս դեսպանությունը հանդիսանում է բարեկամության և համագործակցության փարոս երկու ժողովուրդների միջև, և այս շենքը կամուրջ է, որը կապում է ոչ միայն երկու կառավարությունները, այլև երկու երկրի տնտեսությունները, մշակույթները և ժողովուրդներին:
Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության նոր շենքի բացումը
«Այսօր ժապավենը կտրելիս մենք ոչ միայն շենքի բացումն ենք ազդարարում, այլ նոր հիմք ենք դնում մեր հարաբերությունների խորացման համար։ Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ խորացնելու մեր քաղաքական երկխոսությունը, մեր տնտեսական և մշակութային կապերը»,– ասել է Միրզոյանը:
Նրա խոսքով` նաև հետաքրքիր զուգադիպություն է եղել` դեսպանատան բացման արարողությունից անմիջապես հետո պատրաստվում են երկկողմ հարաբերությունների նոր մակարդակի՝ ՀՀ–ի և Միացյալ Թագավորության միջև ռազմավարական երկխոսության մեկնարկին:
Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության նոր շենքի բացումը
Այնուհետև Արարատ Միրզոյանը գրառում է կատարել դեսպանության պատվո հյուրերի մատյանում` համոզմունք հայտնելով, որ ՀՀ նոր դեսպանությունը հնարավորություն կտա գալիք տասնամյակների ընթացքում խորացնել երկու երկրների հարաբերություններում առկա հիմքերը` բացահայտելով նոր հեռանկարներ, դիմագրավելով ժամանակակից մարտահրավերներին և սպառնալիքներին։
Արարողությանը ՄԹ կառավարության անունից մասնակցել է գործարարության և առևտրի պետնախարար Թիմըթի Մինտոն, ինչպես նաև ՄԹ արքունիքի և դիվանագիտական կորպուսի միջև կապերի մարշալ Ալիստր Հարիսոնը, դիվանագիտական կորպուսի փոխմարշալ Վիկտորյա Բասբին, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ, գերաշնորհ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, ինչպես նաև ՄԹ արտաքին, համագործակցության և զարգացման նախարարության ներկայացուցիչներ։