ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Երևանի Կենտրոն վարչական շրջանի երկու պաշտոնյա ձերբակալվել են կաշառք վերցնելու համար։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
Տ. Մ.–ն, զբաղեցնելով Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի պետի պաշտոնը, նույն բաժնի աշխատակից Ա. Հ.–ի հետ նախնական համաձայնությամբ տարբեր անձանցից ստացել են ընդհանուր շուրջ 1 մլն 700 հազար դրամ կաշառք:
Կենտրոն վարչական շրջանի այս պաշտոնյաները հրատապ լուծում պահանջող ընթացիկ աշխատանքներն իրականացնող ընկերության տնօրենի օգտին թողտվության, հովանավորչության համար 2023 թ. հուլիսի 11–ին նրանից ստացել են 1 մլն դրամ կաշառք:
Բացի այդ, նույն պաշտոնյաները Երևանում Ն. Ա.–ի և Ա. Ա.–ին պատկանող գործող սրճարանների դիմաց անցուղիների տեղադրման և նախատեսված գազոնային ծածկի հաշվին մայթի լայնացման աշխատանքներն անտեսելու ու չարձանագրելու համար նրանցից 2023 թ. հուլիսին և օգոստոսին ստացել են շուրջ 700.000 դրամ կաշառք:
Կաշառք ստացած երկու պաշտոնյաներն ու նրանց կաշառք տված անձանցից երկուսն այսօր ձերբակալվել են:
Կենտրոն վարչական շրջանի պաշտոնյաներին մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով` կաշառք ստանալու և պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքներով։
Միջնորդություններ են ներկայացվել դատարան նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար: Նախաքննությունը շարունակվում է: