ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանական գերության մեջ հայտնված քաղաքացու ընտանիքը 3 տարի անց սոցիալական աջակցություն է ստացել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի օգնությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ գրասենյակը։
Քաղաքացին դիմել է ՄԻՊ–ին և հայտնել, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո իր ամուսինը Բաքվի դատարանի կողմից ապօրինի դատապարտվել է ազատազրկման։ Ընտանիքն այժմ ապրում է սոցիալապես անապահով պայմաններում։
«Դիմումատուն խնդրել է պաշտպանի աջակցությունը՝ որպես Բաքվում ազատությունից ապօրինի զրկված անձի ընտանիք, իրենց հասանելիք սոցիալական աջակցությունը ստանալու գործընթացը կազմակերպելու հարցում»,–նշված է հաղորդագրության մեջ։
Պաշտպանի աշխատակազմում բարձրացված հարցի առնչությամբ իրականացվել են ուսումնասիրություններ։
Քննարկումների և անհրաժեշտ փաստաթղթերի ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ դիմումատուն 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի, անհետ կորածների, ինչպես նաև գերեվարվածների ընտանիքներին Կառավարության որոշմամբ հաստատված սոցիալական աջակցության միջոցառման շահառու է, մինչդեռ տարիներ շարունակ չի ստացել այն։
Պաշտպանի արագ արձագանքման և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցության արդյունքում ընտանիքին տրամադրվել է շուրջ 3 տարվա չվճարված դրամական օգնությունը։
Նշենք, որ Բաքուն այս պահին հաստատում է հայկական կողմից 33 անձի գերի լինելու փաստը։ Պաշտոնական Երևանը, սակայն, վստահեցնում է, որ նրանց թիվն ավելի մեծ է։ Իրավապաշտպանների տվյալներով` ադրբեջանական գերության մեջ է գտնվում 80 անձ, ևս 2–ին առևանգել են 2023–ի մայիսի 26–ին։ Մայիսի 27-ին Ադրբեջանի դատարանը կալանավորել է նրանց։